ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ երկրները և Չինաստանը պայմանավորվել են խորացնել փոխգործակցությունը արդյունաբերության ոլորտում։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանի և Ռուսաստանում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյի հանդիպման ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ԵՏՀ պաշտոնական կայքը։
«Մեր երկրները տրամադրված են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության հետագա զարգացմանը ինչպես «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության և ԵԱՏՄ-ի հետ դրա համակցման համատեքստում, այնպես էլ Միության պետությունների և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին գործող համաձայնագրի իրականացման շրջանակում: Փոխգործակցության արդյունավետությունն արագացնելու համար մենք կարևոր ենք համարում քննարկել երկխոսության մեխանիզմի ստեղծման հարցը, որը կօգնի հնարավոր համատեղ արդյունաբերական նախագծերի մշակմանը», - հայտնել է Արտակ Քամալյանը։
Կողմերը քննարկել են փոխգործակցության հաստատմանն ու համագործակցության ուղղությունների ընդլայնմանը, համատեղ ցուցահանդեսների, միջազգային թեմատիկ համաժողովների անցկացմանը, արդյունաբերության կառուցվածքային վերակառուցման իրականացման հետ կապված հարցերի շուրջ փորձի փոխանակմանը, այդ ոլորտում նորարարությունների խթանման մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկխոսության մասնակիցները համակարծիք են եղել, որ ԵԱՏՄ երկրները և Չինաստանը պետք է ուշադրությունը կենտրոնացնեն քիմիական, փայտամշակման, մետալուրգիայի, մեքենաշինության, ավտոմոբիլաշինության, շինանյութերի արտադրության, ջրածնային էներգետիկայի ոլորտներում կոոպերացիոն համագործակցության խորացման վրա:
Կողմերը նշել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար առաջին քայլը կլինի ԵՏՀ, ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ շահագրգիռ լիազոր մարմինների ներկայացուցիչների միջև խորհրդակցությունների անցկացումը: