Ասում ենք 15, բայց մեր ռազմավարությունը պիտի լինի 150–350–ը. Փաշինյանը` ջրամբարների մասին

Ակնկալվում է, որ 6 ջրամբարը կհավաքի 20 մլն խմ ջուր, իսկ 15 ջրամբարը միասին` 100–110 մլն խմ ջուր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ ռազմավարությունը պետք է լինի 150–350 ջրամբարի ստեղծումը։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երկրում 15 ջրամբարների կառուցման նախագծերին։
«Սա չափազանցություն չէ, քանի որ խոսքը փոքր ջրամբարների մասին է»,– ընդգծեց նա։
Կապսի ջրամբարի շինարարությունը վերսկսվել է. Վաչե Տերտերյան
Նշենք, որ ՀՀ կառավարության հնգամյա ռազմավարական ծրագրում նշված է, որ մինչև 2026 թ–ն պետք է ունենանք 15 փոքր և միջին ջրամբար Գեղարքունիքի մարզի Արգիճի, Աստղաձոր, Վայոց Ձորի մարզի Ելփին, Սյունիքի մարզի Լիճք և Արմավիրի մարզի Քասախ համայնքներում։
Այս ծրագրի իրականացման պատասխանատու, ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը նշեց, որ 15 ջրամբարներից 6–ի դեպքում արդեն կայացել են մրցույթներ, կան նախագծեր։ Ի դեպ, 6 նախագծից երեքն արդեն այս տարի պատրաստ կլինեն։
«Այսինքն, մինչև տարեվերջ, գումարած հաջորդ տարվա առաջին եռամսյակ, կունենանք 6 ավարտուն նախագիծ, որից հետո կգնան մրցութային փաթեթների մյուս փուլերը` շինարարություն և այլն։ Մյուս 9 ջրամբարի դեպքում ավելի խորը ուսումնասիրման կարիք կա, քանի որ բավական արժանահավատություն ու խորություն չեն ապահովում ստացված տվյալները։ Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը հիմա նախնական ուսումնասիրություններ է անում այդ տեղերում»,– նշեց Թումանյանը։
Նա նաև ավելացրեց, որ հիդրոէկոլոգիական վիճակը հանրապետությունում մի փոքր բացասական դինամիկա ունի, սակայն ակնկալվում է 6 ջրամբարի դեպքում հավաքել 20 մլն խմ ջուր, իսկ 15 ջրամբարը միասին` 100–110 մլն խմ ջուր։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ հիդրոռեսուրսները կլիմայի փոփոխության արդյունքում որոշ տեղերում որոշակի փոփոխություններ են կրել և հնարավոր է` ջրամբար ունենալն այդ տեղերում արդյունավետ չլինի։ Ըստ այդմ, պետք է գտնել այլ տեղեր, որտեղ ջուր կլինի։
«Պարզվում է նաև, որ ՀՀ–ում ջրամբարներ նախագծող ընկերությունների պակաս կա։ Միայն մի ընկերություն կա, ու միայն նա է մրցույթների մասնակցում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ արտերկրյա ընկերությունները ևս ներգրավվեն, որպեսզի նախագծումը պատշաճ իրականանա. այս տեմպերով միայն նախագծման վրա 5 տարի կկորցնենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Արտաշես Թումանյանը վստահեցրեց, որ այլ տեղեր ևս ուսումնասիրում են, փնտրում են ռեզերվներ, թե էլ որտեղ է հնարավոր կառուցել ջրամբար, որ կարողանան փոխարինումներ կատարել։
Դարձյալ երաշտ. Հայաստանը 5 տասնյակ նոր ջրամբարներ է կառուցում