ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետի` «Եվրանյուզին» տված հարցազրույցի ամենաուշագրավ պահն այն էր, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ դժգոհություն հայտնեց բանակցաjին արևմտյան հարթակների վերաբերյալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը` վերլուծելով Փաշինյանի հարցազրույցը։
«Մինչ այդ պահը մենք թերևս պաշտոնապես վարչապետից չէինք լսել բանակցային գործընթացի արևմտյան հարթակների վերաբերյալ որոշակի վերապահումներ, դժգոհություն, կամ, ասենք` ցանկությունների չկատարման տպավորություն։ Իհարկե, նա չհիշատակեց վաշինգտոնյան հարթակը, բայց վարչապետի խոսքում հստակ զգացվեց քննադատական մոտեցումն այն առումով, որ բրյուսելյան հարթակում Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում»,– ասաց Քեռյանը։
Քաղաքագետն արձանագրեց նաև Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը հավաքել է բոլոր ձեռք բերված ու չկատարված պայմանավորվածությունները, որոնք միասին բավական հաստափոր գիրք են դարձել։
«Սա, իհարկե, շատ շրջադարձային կամ անակնկալ նորություն է, որովհետև մինչ այդ պահը մենք տեսել ենք եթե ոչ բավականին հավասարակշիռ, ապա որոշակիորեն դեպի Արևմուտք ուղղված արտաքին քաղաքականություն»,– արձանագրում է Քեռյանը։
Ինչո՞ւ «Եվրանյուզի» հետ հարցազրույցում վարչապետը չխոսեց «թավշյա հեղափոխության» հաղթանակի մասին, ինչպես որ սովորաբար անում էր իր հարցազրույցներում։ Ըստ Քեռյանի` վարչապետն արդեն երկար ժամանակ է` առաջ է տանում այն թեզը, թե ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է` անվտանգային միջավայրն ավելի ամրապնդելու համար։ Եվ դա այն դեպքում, երբ բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ միջազգային հարաբերություններում ժողովրդավարության գերակայությունը պարզապես Արևմուտքի կողմից հնչեցվող խոսք է։ Իրականում պետական շահերի առկայության դեպքում դա ընդհանրապես հաշվի չի առնվում։ Քաղաքագետը որպես օրինակ մատնանշեց` ոչ ժողովրդավար Ադրբեջանի հետ Արևմուտքը գնում է գործակցության։
«Իրական կյանքը ցույց է տալիս, որ սա պարզապես քարոզչական թեզ է։ Միացյալ Նահանգներն արդեն մի 20-30 տարի է` շրջանառում է այս թեզը` հատկապես հիմնավորելով ռեժիմների փոփոխության իրենց քաղաքականությունը, ըստ որի` աշխարհում որքան շատ լինեն ժողովրդավարական երկրները, այնքան Միացյալ Նահանգներն ավելի անվտանգ կլինի»,– նշեց Քեռյանը։
Ըստ քաղաքագետի` վարչապետը, խոսելով պամանավորվածությունների չկատարման մասին, ըստ էության խոստովանեց, որ Հայաստանի ժողովրդավար լինելը դեռ չի օգնում մեր երկրին։
Նրա կարծիքով` «Եվրանյուզին» տված հարցազրույցն ինչ–որ առումով ուղերձ–բողոք էր` ուղղված Բրյուսելին, ըստ որի` մենք տեսնում ենք, որ այն կա՛մ իներտ է, կա՛մ էլ խոսքից գործի չի անցնում։
«Իհարկե, Բրյուսելն ու Վաշինգտոնը երբեք խոսքից գործի չեն անցնում։ Միամտություն կլիներ կարծել, որ նրանք կանցնեն գործի։ Ցանկացած գրագետ մարդ հասկանում է, որ այսօր Արևմուտքին հետաքրքրում են միայն այն երկրները, որոնք Արմուտք–Ռուսաստան հակամարտության մեջ կարող են հանդես գալ Ռուսաստանի դեմ տնտեսապես, ռազմականորեն կամ այլ միջոցներով։ Եթե չես կռվում Ռուսաստանի դեմ, դու Արևմուտքին հետաքրքիր չես»,– կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով` Արևմուտքը մեզ կօգնի և Ադրբեջանի դեմ կկիրառի պատժամիջոցներ միայն այն դեպքում, երբ համոզվի` Հայաստանը երկրորդ Ուկրաինա է կամ ընտրել է այդ ուղին։
«Հակառակ դեպքում բրյուսելյան վոյաժներ ինչքան ասես` կարող են լինել, արդյունքը կլինի այն, ինչ մենք այսօր տեսնում ենք»,– նշում է Քեռյանը։
Վարչապետն իր խոսքում նաև հիշատակեց, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստացի դադարեցրել են իրենց շփումները, սակայն առանձին շփումներ Հայաստանի հետ լինում են։ Անդրադառնալով այն հարցին` հույսեր կա՞ն ՄԽ–ի վերագործարկման, քաղաքագետը նկատեց` Ադրբեջանը պետք է դա թույլ տա։ Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո համանախագահները գնացին Բաքու, սակայն Ալիևը նրանց քաղաքավարի դուրս հրավիրեց` նշելով, որ հակամարտությունը լուծված է։
Մյուս կողմից Քեռյանը չի էլ պատկերացնում, թե ինչպես կարող են Ֆրանսիայի և ԱՄՆ–ի համանախագահները ռուսաստանցի համանախագահի հետ նստելու մի սեղանի շուրջ այն դեպքում, երբ դե ֆակտո Արևմուտքը միջնորդավորված պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։
Քեռյանը կարծում է` եթե այդ աջակցությունը չլիներ, գործողությունները 1-2 շաբաթում կավարտվեին, մինչդեռ այսօր Ռուսաստանը ստիպված է միայնակ կռվել 28-29 երկրի դեմ, որոնցից 3-ը միջուկային տերություններ են։
Թե ինչպես կարող են հանուն Արցախի այս բոլոր հարցերը մի կողմ դրվել, քաղաքագետը մի քիչ անհավանական է համարում։