Արցախում տնտեսվարողները մասսայաբար շարունակում են դադարեցնել գործունեությունը

Ստեփանակերտը. Արխիվային լուսանկար
Ստեղծված իրավիճակի հետևանքով հուլիսին պետբյուջե են հավաքագրվել 2,5 միլիարդ դրամով պակաս եկամուտներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Արցախում տնտեսվարող սուբյեկտների շրջանում շարունակվում են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ստեղծված իրավիճակի պատճառը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն է, որը 2023 թվականի հունիսի 15-ից վերածվել է ամբողջական պաշարման։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։
«Նախնական տվյալներով` 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե են մուտքագրվել 16,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 26,0 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63,1 տոկոս կամ պակաս 9,6 մլրդ դրամով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արդեն հուլիս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 54.6 տոկոսով, այսինքն` 2,5 մլրդ դրամով եկամուտները պակաս են հավաքագրվել: