ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան գիտական երեք խոշոր կենտրոնների նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության կայքից։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Ա.Մ. Պրոխորովի անվան ընդհանուր ֆիզիկայի ինստիտուտը, ՌԳԱ–ի Կազանի գիտական կենտրոնը և ՌԳԱ–ի Յու. Ա. Օսիպյանի անվան պինդ մարմինների ֆիզիկայի ինստիտուտը։
Բացի այդ, ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում է հայտնվել Սախալինի ծովային նավագնացությանը պատկանող «Պարամուշիր» նավը և «Անգարա» բեռնարկղեր տեղափոխող նավը։
Մայիսին ԱՄՆ–ն պատժամիջոցների ցանկում այլ գիտական ինստիտուտներ էր ներառել։ Այսպես, պատժամիջոցների տակ է հայտնվել «ՌՆ–ԲաշՆԻՊԻնեֆտ» («РН-БашНИПИнефть») գիտահետազոտական և նախագծային ինստիտուտը։