ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Մ23 և Մ20 Եվրոպայի առաջնություններում: Տեղեկությունը հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան:
Ծանրորդ Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է ոսկե մեդալ։ Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 221 կգ (96+125):
Նա փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում, իսկ պոկումում վարժությունում արժանացել է փոքր բրոնզին։
Մ23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, նվաճել է արծաթե մեդալ։ Երկամարտում նա գրանցել է 370 կգ (163+207) արդյունք:
Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին հայ մարզիկը զիջել է ընդամենը 1 կգ-ով:
Պետրոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը, իսկ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Աղջիկների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը, իսկ Ջուլիետա Ավանեսյանն արժանացել է բրոնզի։
Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Կարեն Մարգարյանը (81 կգ): Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ևս դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Բուխարեստում:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 11 ծանրորդով, իսկ մինչև 23 տարեկանների հավաքականը՝ 10 մարզիկով։