ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Թուրքիան 2023 թվականի ամռանը առաջին անգամ ընդգրկվել է ռուսաստանաբնակ զբոսաշրջիկների համար ամենաթանկ ուղղությունների հնգյակում։ Իսկ տեղական հանգստի վայրերը այս տարի, ընդհակառակը, ամենաէժանն են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն։ Գրում է «Ինտերֆաքսը»։
«Թուրքիան ընդգրկվել է ամենաթանկ ուղղությունների հնգյակում։ Այսպիսի բան դեռ չի եղել պատմության ընթացքում, այս ուղղությունը միշտ համարվել է զանգվածային և մատչելի», - ասել է Լոմիձեն։
Նա հայտնել է, որ այս ամառ ռուսաստանցիների համար ամենաթանկ ուղղությունը Մալդիվներն են, որտեղ ուղևորության արժեքը 10 օրով համար միջինում արժի 390 հազար (1 մլն 599 հազ. դրամ) 2 անձի համար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կուբան՝ նույն պայմաններով 2 անձի համար միջին արժեքը կազմում է 238 հազար ռուբլի (մոտ 980 հազար դրամ)։
Իսկ երրորդ տեղում Շրի Լանկան է` 213 հազար ռուբլի արժողությամբ (մոտ 875 հազար դրամ), չորրորդը Թուրքիան է` փաթեթի արժեքը 2 հոգու համար 183-185 հազար ռուբլի է (755 հազար դրամի սահմաններում):
Լոմիձեի խոսքով՝ այս ամառ ճանապարհորդելու ամենաէժան ուղղությունը հենց Ռուսաստանն է։ Միջինում ճամփորդությունը 2 հոգու համար կարժենա 80-85 հազար ռուբլի (մոտավոր 340 հազար դրամ)։
Նա հայտնել է նաև, որ 2022 թվականի ամռան համեմատ բոլոր ուղղություններով գնաճը կազմել է 15 տոկոս։