Կապանում բացվել է ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ

Ռոբերտ Ղուկասյանը դեսպանների հետ մտադիր է քննարկել մարզին վերաբերող կարևոր հարցեր, որոնք հուզում են բոլոր սյունեցրիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում այսօր բացվել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ։ Բացման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
Ի դեպ, Գորիսում արդեն կա գործող գրասենյակ։ ՀՀ–ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ մտադիր են Հայաստանում 6 օպերատիվ հաբ ունենալ և արդեն մոտ են այդ պլանի իրականացմանը։ Նա նշել է, որ մինչև այս պահը երեք հաբ ունեին՝ Մարտունիում, Ջերմուկում և Գորիսում։ Առաջիկայում նոր հաբեր կբացվեն նաև Իջևանում և Եղեգնաձորում։
«Սյունիքում տեղակայված հաբերը շատ կարևոր են մեր առաքելության համար՝ հաշվի առնելով մարզի ռազմավարական դիրքը։ Սա թույլ կտա առաքելությանն ընդլայնել իր ներկայությունը Սյունիքի մարզում, ավելի պարբերական դարձնել դիտարկումները և մարզի անվտանգային իրավիճակի մասին զեկույցները։ Այս հաբը կկրճատի տարածությունն ու ժամանակը՝ մեր դիտարկման կետեր հասնելու համար։ Մինչ այս պահը մենք այս մարզը ծածկում էինք Գորիսում գտնվող մեր դիտորդական թիմով»,– ասել է Ռիտերը։
Նա հույս է հայտնել, որ Կապանի հաբի բացումը դրական կանդրադառնա խաղաղության գործընթացի վրա, որի ուղղությամբ ջանքեր է գործադրում ԵՄ–ն։ Ռիտերը հույս հայտնեց նաև, որ Կապանի հաբը կբարձրացնի անվտանգության զգացումը Սյունիքի մարզի բնակչության մոտ։
Ապացույցներ չկան, որ ՀՀ–ն է ռազմական միջադեպերը նախաձեռնում. Նատալի Լուազո
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր հերթին նշել է, որ առանձին հանդիպումներ կունենա Հայաստանում Ֆրանսիայի, Լեհաստանի և Չեխիայի դեսպանների հետ։
«Կքննարկենք տարբեր հարցեր, բնականաբար` չենք շրջանցի կարևոր՝ բոլորիս հուզող հարցերը։ Մենք տեսնում ենք այդ երկրների կողմից գործադրվող ջանքերը, հատկապես Ֆրանսիայի կողմից, որն անում է ամեն ինչ։ Ես շատ շնորհակալ եմ Ֆրանսիային, որովհետև մենք բոլոր առումներով ամենամեծ ջերմությունը ստանում ենք հենց այդ երկրից»,- ասել է Ղուկասյանը։
Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացածեվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: