Ռուսաստանն աջակցում է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը. ԱԳՆ

Զախարովայի խոսքով` ՌԴ խաղաղապահները նախկինում աջակցել են հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են հետագայում ևս աջակցել:
Sputnik
Ռուսաստանն աջակցում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ստեփանակերտը պատրաստ է քննարկել երկու կողմերի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ Բաքվի ողջամիտ առաջարկները:
«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններին։ Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է։ ՌԴ խաղաղապահներն ավելի վաղ օգնել են երկու պատվիրակությունների հանդիպման կազմակերպմանը, պատրաստ են հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - ասաց Զախարովան։
Նրա խոսքով` Ռուսաստանը ոչ մի նախապայման առաջ չի քաշում, քրտնաջան աշխատում է կողմերի մոտեցումների մերձեցման ուղղությամբ, որոնք այժմ լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման ֆոնին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։