ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում որևէ նոր տեղեկություն չփոխանցեց, փոխարենը փորձեց սրբագրել Նիկոլ Փաշինյանին պատերազմի արդյունքների համար քաղաքական պատասխանատվությունից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հայտնել ենք, որ Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում երեկ պատասխանեց մի քանի տասնյակի հասնող հարցերի։ Մասնավորապես, նախկին նախարարը խոսեց պատերազմ սկսելու պահին ՀՀ զինված ուժերի վիճակի, պատերազմին Թուրքիայի ներգրավվածության, պատերազմի ընթացքում ՄՈԲ–ի և բանակի սպառազինության, Դավիթ Գալստյանի` «Պատրոն Դավոյի» կողմից զենքի գնումների, ՍՈւ–երի ձեռքբերման և այլ հարցերի մասին։
Այս քննությունից քաղտեխնոլոգի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Դավիթ Տոնոյանը հույսեր ունի, թե իր տված իշխանահաճո պատասխաններով և քննիչ հանձնաժողովի հետ համագործակցելով կարող է ազդել իր ճակատագրի վրա։ Խոսքը վերաբերում է կալանքի ռեժիմի փոփոխությանը։
Ի դեպ
ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու խնդրանքը։ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Այնուամենյանիվ, Դավիթ Տոնոյանին դժվար է դասել այսօրվա վարչախմբի հակառակորդների դասին։ Այդպիսի հստակ մեսիջներ իր կողմից չեն եղել երկու տարվա ընթացքում։ Քննությունն էլ ցույց է տալիս, որ այն փաստարկները, որոնք բերվում են Տոնոյանի կողմից, ավելի շատ փորձ էր` շրջանցել երկրի ղեկավարի դերակատարումը և պատասխանատվությունը այն ողբերգությունից, որը տեղի ունեցավ։ Նույնիսկ որոշ դեպքերում պատասխանատվությունն իր վրա էր վերցնում»,–ասաց Հակոբյանը։
Տոնոյանի հայտարարությունները արդարացնում են այն գործողությունները, որոնք տեղի են ունեցել իր պաշտոնավարման արդյունքում 2018-2020 թվականներին և՛ ռազմական, և՛ ռազմատեխնիկական առումով (զենքի գնում, բանակի պատրաստում)։ Այդ առումով, ըստ փորձագետի, Նիկոլ Փաշինյանը շատ դժգոհ չպետք է լինի Տոնոյանի պատասխաններից։
«Տոնոյանը հասկանում է, որ իր վիճակը ավելի վատ չի կարող լինել։ Հակառակը` որոշակի սրբագրումներով կարող է հույս ունենալ, որ քննիչ մարմինները կարող են հաշվի առնել այդ գործոնը, որ ի դեմս նրա` գործ չունեն քաղաքական հակառակորդի հետ, վատագույն դեպքում գործ ունեն մի նախարարի հետ, որը թերացել է իր գործողություններում։ Տոնոյանն էլ հերքել է իշխանությունների այն մեղադրանքները, որ ինքը կալանավորված է քրեական հանցագործությունների համար, նա հայտարարել է, թե շատ լավ հասկանում է, որ կալանավորված է պարտվելու համար»,–ասաց Հակոբյանը։
Դավիթ Տոնոյանի գործը
2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Օգոստոսի 2–ին, սակայն, նա կրկին կալանավորվեց։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության 2 պաշտոնյայի:
Նրա խոսքով` թեև Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում որոշ դրվագներում փորձում էր ցույց տալ, որ օբյեկտիվության շրջանակում է գործում, բայց հիմնականում փորձում էր արդարացնել երկրի փաստացի ղեկավարին։
Արդարացման փորձերից էր նաև այն, որ Տոնոյանը հայտարարեց մի շարք զենքեր ուշ կիրառելու պատճառների մասին (մասնավորապես Ռուսաստանից գնված)` ակնարկելով, որ աշխարհաքաղաքական խնդիր է եղել, և երբ թույլատրվել է, այդ ժամանակ են գործել։
Ինչ վերաբերում է ՍՈւ–երի գնման արդարացումներին` քաղտեխնոլոգը նշում է, որ առանց հրթիռների տուրիստական ինքնաթիռի վերածված ՍՈւ–ի միակ լուրջ ֆունկցիան եղել է այն, որ ծառայել է վարչապետի համար որպես նկարվելու վայր։ Իսկ Տոնոյանն այդ մասին խոսելով` պարզապես փորձել է այս դեպքում ինքն իրեն սրբագրել այդ կասկածելի գործարքից, որի մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։
Ընդհանուր առմամբ, մեր զրուցակցի գնահատմամբ` Տոնոյանի քննիչ հանձնաժողովում փոխանցած տեղեկություններն առանձնապես նոր չէին, ընդամենը գնահատականներ էին եղած ինֆորմացիայի շուրջ։
«Նա նոր բան չասաց։ Ինչ-որ բան հաստատեց, շատ բան հերքեց, բայց ես կարծում եմ` այստեղ կարևորը քաղաքական գործոնն էր»,–ասաց նա։
Վերջում անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքները բոյկոտած խորհրդարանական ընդդիմությանը և Տոնոյանի հորդորին` մասնակցելու գոնե փակ նիստին, Հակոբյանը նշեց, որ այդկերպ նախկին նախարարը փորձեց իշխանությանը համահունչ մեսիջ ուղարկել ընդդիմությանը։
«Չգիտեմ` որքանով է էֆեկտիվ, բայց ընդդիմության այդ պահվածքը` բոյկոտելը, նվազագույնն է, որը կարող է անել իր ռեսուրսներով և իր քաղաքական հնարավորություններով։ Հակառակ պարագայում` մասնակցելով լեգիտիմացնում է այդ հանձնաժողովի գործունեության հետագա արդյունքը»,–հավելեց քաղտեխնոլոգը։
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանը հրապարակայնորեն դիմել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին` խնդրելով ներկա լինել հանձնաժողովի նիստին։ Այնուամենայնիվ, նրանք նիստին չեն ներկայացել։ Տոնոյանը մինչ հարցերին պատասխանելը` ևս մեկ անգամ դիմեց ընդդիմությանը` խնդրելով կամ գալ նիստին, կամ առնվազն այլևս հրապարակայնորեն չանդրադառնալ իր գործունեությանը։
Հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Նշենք, որ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։