Պարտադիր չէ, որ Թուրքիան լինի. Պեսկովը` Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման վայրի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում հստակ կողմնորոշվել ինչպես տեղի, այնպես էլ հանդիպման ժամկետների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնարավոր հանդիպումը պարտադիր չէ, որ Թուրքիայում անցկացվի։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Էրդողանի գրասենյակից հայտնել էին, որ նախագահները պայմանավորվել են, որ Պուտինը Թուրքիա կայցելի։
«Տեղը հստակեցվելու է, պարտադիր չէ, որ հանդիպումը Թուրքիայում լինի։ Բայց Էրդողանն իր մոտ է հրավիրում։ Գիտեք, որ նախագահը Սանկտ Պետերբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ հիմա այնպիսի ժամանակ է, որ ինքը պետք է երկրում լինի։ Այդ պատճառով իրեն դժվար է հիմա ինչ–որ այցեր կատարել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, դիվանագիտական խողովակներով այդ ամենը համաձայնեցվելու է», – ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է նաև, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են առաջիկայում հստակ կողմնորոշվել ինչպես տեղի, այնպես էլ հանդիպման ժամկետների վերաբերյալ։
«Նրանք վաղուց էին պատրաստվում հանդիպել, դեռ Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններից առաջ։ Սակայն որոշեցին ընտրություններից առաջ չանել դա, որպեսզի ասեկոսեների առիթ չտան, որոնք անմիջապես կմեղադրեին Մոսկվային Թուրքիայի ներքին գործերին միջամտելու համար։ Այդ պատճառով որոշել էին հետո հանդիպել», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ ընտրություններից հետո էլ Էրդողանի գրաֆիկը լարված է մնում` հիշեցնելով, որ Թուրքիան շարունակում է վերացնել երկրաշարժի հետևանքները։