Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր

«Զվարթնոց» օդանավակայան
Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն:
Քրիստինե Վարդանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Արգիշտի Գևորգյանի հետ ամբողջ գիշեր անցկացրել են «Զվարթնոց» օդանավակայանում։
«Արենի Մարկոսյանին որևէ պատճառաբանություն, հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու նա չի կարողնում մուտք գործել հայրենիք։ Արենին գիշերել է օդանավակայանում այն հույսով, որ գոնե ինչ–որ պահի հստակություն կմտցվի այս իրավիճակում»,– նշել է Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով` իրենք նույնպես փորձել են որևէ հիմնավորում ստանալ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Նա տեղեկացրել է նաև, որ սա վերջին ամսվա ընթացքում 2–րդ, իսկ մեկ տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակի հասնող դեպքն է, երբ խոչընդոտվում է ազգությամբ հայերի մուտքը ՀՀ։
Արենի Մարկոսյանն իր հերթին օդանավակայանից ուղիղ եթեր էր մտել և տեղեկացրել, որ օգոստոսի 1–ին` ժամը 23.00–ին է վայրէջք կատարել ու անձնագրային անցակետում վերցրել են իր անձնագիրը` ասելով, որ մի բան են ուզում ստուգել։
Մարկոսյանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն կրկին ոչինչ դեռ չի պարզվել։
Ավելի ուշ Քրիստինե Վարդանյանը նոր գրառում է կատարել.
«Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 20–ին Նիդեռլանդների քաղաքացի, դաշնակցական Ասլան Ասլանյանին էին արգելել մուտք գործել Հայաստան։