«Կոնֆետ ալ չկա». Արցախի համար քաղցրավենիքով բեռնված բեռնատարներն ուղևորվել են Կոռնիձոր

Արցախի խանութներից մեկը
Համացանցում տարածված տեսանյութերից հայտնի փոքրիկ Մարիան դժգոհում է, որ անգամ մեկ կոնֆետ կամ պաղպաղակ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Գրանդ Քենդիի» 2 բեռնատարները, որոնք բեռնված են Արցախի համար նախատեսված քաղցրավենիքով, այսօր առավոտյան ուղևորվել են Կոռնիձոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ընկերության մարկետինգի բաժնում։
«Թե ինչ կլինի բեռնատարների ճակատագիրը, չգիտենք։ Հույս ունենք, որ հասնելու են արցախցի փոքրիկներին, որովհետև մեր միակ նպատակը դա է»,– ասաց աշխատակիցը։
Ընկերությունն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութերից մեկին, որում փոքրիկ արցախցի Մարիան դժգոհում է, որ դատարկված խանութներում անգամ մեկ կոնֆետ չկա։
«Հա, մամ, ես քեզ հասկանում եմ, մենք ուզում ենք կոնֆետ, գոնե մի հատ «Գրանդ Քենդի» կոնֆետ ալ չկա»,–ասում է Մարիան և առաջարկում մայրիկին շրջել խանութներով` կոնֆետ կամ պաղպաղակ գտնելու հույսով։ Սակայն դատարկաձեռն է մնում. Ստեփանակերտի խանութները լրիվ դատարկ են։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար այնտեղ էին մեկնել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետները։