Ջուլիետա Ավանեսյանը դարձել է ծանրամարտի պատանեկան ԵԱ բրոնզե մեդալակիր

Մարզուհին երկամարտի արդյունքում գլխավերևում պահել է 214 կգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Ծանրամարտիկ Ջուլիետա Ավանեսյանը դարձել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր: Տեղեկությունը հայտնում է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան:
87 կգ քաշային ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին ցույց է տվել երկամարտի 214 կգ արդյունք:
Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը, իսկ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Աղջիկների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը։
Երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Կարեն Մարգարյանը (81 կգ): Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ) ևս դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Բուխարեստում:
Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 11 ծանրորդով, իսկ մինչև 23 տարեկանների հավաքականը՝ 10 մարզիկով։