ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Դեսպանն այդ մասին գրել է Twitter-ում՛։
«Ռազմավարական նշանակություն ունեցող հայկական այս տարածքում Ռոբերտ Ղուկասյանի հետ մտքեր ենք փոխանակել նաև Ֆրանսիայի հետ տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ»,– նշել է դեսպանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության նոր գրասենյակ է բացվել։ Բացման արարողությանը մասնակցելու համար Սյունիքի մարզ են մեկնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Լեհաստանի դեսպան Պյոտր Սքվեչինսկին և Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: