ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը. Արխիվային լուսանկար
Նա մեղադրվում է ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանի վերաբերյալ հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արթուր Գևորգյանը հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ, 2018 թվականին ներկայացնելով իր եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, այնտեղ չի ներառել՝ թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերը։
«Մասնավորապես՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլս և Գլենդեյլ թաղամասերում 2011 և 2015 թթ. համապատասխանաբար 490.000 ու 520.000 դոլարով ձեռք բերած բնակարանները, ինչպես նաև 2016թ. 475.000 դոլարով Վելլի Վիլիջ թաղամասում գնած բնակարանն ու 2017թ. «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները»,– ասված է հաղորդագրությունում:
Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արթուր Գևորգյանը 2019 թ. ապօրինի հարստացել է. վերջինս հիշյալ ժամանակահատվածի համար որպես օրինական եկամուտ հայտարարագրել է 114.660 դրամ, սակայն նրա կողմից նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը կազմել են ավելի քան 24 մլն դրամ, ինչն էականորեն գերազանցել է նրա կողմից որպես օրինական եկամուտ հայտարարագրված գումարը:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում Արթուր Գևորգյանը (2009-2012թթ. աշխատել է Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար) 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմատ ավելի ցածր՝ 9.048.000 դրամ կադաստրային արժեքով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքում գտնվող 2000 քմ հողամաս։
2011 թվականի հուլիսի 21-ին դարձյալ ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմատ ավելի ցածր արժեքով՝ 15.834.000 դրամով, նույն համայնքում ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող մեկ այլ՝ 3500 քմ հողամասը:
Այնուհետև նա հիշյալ երկու հողամասերը 2018 թ. օտարել է համապատասխանաբար 176.346.000 և 308.654.000 ՀՀ դրամով:
«Միաժամանակ Արթուր Գևորգյանը 2012-ից 2018 թթ. ընթացքում կատարել է ստացած օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ, ընդհանուր՝ 90.333.097 դրամ գումարի ծախս։ 2015 թ. տարեկան հայտարարագրում որպես տարեսկզբում առկա գումար հայտարարագրել է 720.000 դոլար, 2017թ. տարեվերջին՝ 660.000 դոլար, մինչդեռ 2015-2017 թթ. ընթացքում նրա կողմից ԱՄՆ-ում գրանցված իր բանկային հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967.700 դոլար, ինչը 247.700 դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720.000 դոլարը: Այսինքն՝ անհայտ է, թե ինչ միջոցներից է նա կատարել 247.700 դոլարի փոխանցումը»,– ասված է հաղորդագրությունում։
Վերը նկարագրված հանցավոր գործողությունների և ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով նախկին պատգամավորը դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ՝ 2012-2019թթ. ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանի վերը նշված ընդհանուր 1 մլն 485 հազ. դոլար արժեքով երեք բնակարանները, ինչպես նաև 2019 թ.Գլենդեյլում 1 մլն 525 հազ. դոլարով գնած առանձնատունը:
Արթուր Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիք) (երեք դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Նշենք, որ Արթուր Գևորգյանը 2009-2012թթ. եղել է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար: 2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ․ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։
2018 թ․ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։