Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում ՀՀ–ն արդեն մեդալ ունի

Հայաստանը խաղերին մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, ատլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Պետրոսյանը երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել և արժանացել բրոնզե մեդալի»,– ասվում է հաղորդագրությունում։
Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և լքել պայքարը:
Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանի թիմի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել եզրափակիչ:
Եզրափակիչ են դուրս եկել նաև մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը:
Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների, իսկ Խաչիկյանը՝ նժույգ թափերի վարժությունում:
Իրենց ելույթներն արդեն ավարտել են հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը՝ 10 մետր կրակոց ատրճանակ մրցումներում չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
400 մետր վազքատարածությունում եզրափակիչ չի կարողացել դուրս գալ վազորդ Գայանե Չիլոյանը:
Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն: