ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի կողմից չի փոփոխվել։ Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից գործն ուղարկվել է նոր քննության, սակայն խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Հավելենք, որ Դավիթ Տոնոյանին թույլատրվել է օգոստոսի 1-ին ու 2-ին ներկա գտնվել ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։