Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում

Երևան կայցելեն 80-100 պետությունների թիմեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի առաջնությունը»,– գրել է նա։
Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ առաջնությանը կմասնակցեն 80-100 պետությունների թիմեր։
Նա հույս է հայտնել, որ այդ առաջնությունում հայ բռնցքամարտիկները կունենան բազմաթիվ մեդալներ, ինչպես եղավ Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը նվաճել էին ոսկե մեդալներ։ Բռնցքամարտիկներ Արեն Խառատյանը (52 կգ) ու Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ։