ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Առաջիկայում միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին հայ–չինական համաձայնագիր կստորագրվի, այն արդեն ավարտական փուլում է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Նաև այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սյաոպենը։
Գնել Սանոսյանը և Լի Սյաոպենը
«Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ենթակառուցվածքների շինարարությանը, մասնավորապես ճանապարհների, կամուրջների և թունելների կառուցման, վերակառուցման նախագծերում կարողություններ ունեցող չինական ընկերությունների ներգրավմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են նաև միջազգային տրանսպորտային ուղիների զարգացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպմանը կարևորվել է ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև կանոնավոր օդային հաղորդակցության կազմակերպումը։
Հիշեցնենք` Սանոսյանը Չինաստան է գործուղվել հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ը։