ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի զինծառայողների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 1–ին հայտնել էինք, որ Արցախի քաղաքացի, 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել է, հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ և ձերբակալվել։
Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին` ժամը 17-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, փորձելով շրջանցել ադրբեջանցիների կողմից Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված հսկիչ-անձնագրային կետը՝ ՀՀ գնալու ճանապարհին, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից։
Օգոստոսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով (Մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները) նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների դատախազությունը: