Վտանգ կա, միջոցներ են ձեռնարկվում. Պեսկովը` «Մոսկվա–սիթիին» անօդաչուի նոր հարվածի մասին

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովի խոսքով` այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններով կարող են հանդես գալ միայն զինվորականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Մոսկվայում անօդաչուներով հարվածի վտանգ կա, այն ակնհայտ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես վտանգ կա, և միջոցներ են ձեռնարկվում», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այս թեման փորձագիտական տեսանկյունից կարող են և պետք է մեկնաբանեն միայն զինվորականները։
Պեսկովն ընդգծել է նաև, որ Կրեմլում նմանություն չեն տեսնում «Մոսկվա–սիթիին» ուկրաինական անօդաչուներով հասցված հարվածի և ԱՄՆ–ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության միջև։
ՌԴ ՊՆ–ն երեքշաբթի լույս գիշերը հայտնել էր, որ ուկրաինական կողմը փորձել է երեք անօդաչուներով հարձակում իրականացնել Մոսկվայի և Մերձմոսկվայի օբյեկտների վրա, երկուսը ոչնչացվել են Օդինցովսկի և Նարոֆոմինսկի շրջաններչում ՀՕՊ միջոցներով, մեկը` ճնշվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և մխրճվել «Մոսկվա սիթիի» աշտարակի մեջ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ վնասվել է 21-րդ հարկի մակարդակով ճակատային հատվածը, կոտրվել են ապակիներ, տուժածների մասին տեղեկություններ չկան։