ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Աշխարհաքաղաքական խաղացողների, այդ թվում նաև Ռուսաստանի հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ նվազում է, քանի որ գործնականում ողջ միջազգային ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Euronews-ին տված հարցազրույցում։
«Իհարկե, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է ոչ միայն ՌԴ–ի, այլև այլ աշխարհաքաղաքական խաղացողների մոտ»,– ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ տերությունների միջև մրցակցությունն ուղղակիորեն կապված չէ տարածաշրջանի հետ։ Այդ կապակցությամբ նա նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, որը ստեղծվել է Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծելու համար։
Փաշինյանն ընդգծել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ուղղակի դադարել են համագործակցել։ Առանձին երկրներ որոշել են, որ այլևս չեն ցանկանում համագործակցել գործընթացի մյուս մասնակիցների հետ, և, ըստ ՀՀ վարչապետի, խնդիրները հենց այդտեղից են գալիս։
Հիշեցնենք, որ Մինսկի խմբում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Շվեդիան, Չեխոսլովակիան (այնուհետ` Ֆինլանդիան): Ռոտացիոն սկզբունքով մշտական անդամ է նաև ԵԱՀԿ Եռյակը, որը կազմված է ԵԱՀԿ նախկին, ներկա և հաջորդ գործող նախագահներից:
1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում ստեղծվեց Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Եռանախագահություն ինստիտուտը` ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի, սկսեց գործել 1997թ. փետրվարի 14-ից: