ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը նպատակահարմար չի համարում մեկնաբանություն տալ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների առանձին հանդիպումների մասով, որոնք չեն կայացել ոչ Արցախի մեղքով։ Այս մասին «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան ասել են Արցախի ԱԳՆ–ից։
Նշենք, որ հայկական տեղեկատվական դաշտում տարածվել են լուրեր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման վերաբերյալ։
«Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները միշտ պատրաստ են քննարկելու Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման վերաբերյալ ողջամիտ առաջարկներ: Ավելին, արցախյան կողմը պարբերաբար հանդես է գալիս միջնորդների մասնակցությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպման նախաձեռնություններով և առաջարկներով»,– հայտնել են Արցախի ԱԳՆ–ից։
Գերատեսչությունից միևնույն ժամանակ ընդգծել են, որ համոզված են` երկխոսության հաջողությունը կախված է իրենց տարաձայնությունները կարգավորելու հարցում 2 կողմի իրական շահագրգռվածությունից և բարեխիղճ մոտեցումից: Արցախից վստահեցնում են` իրենց կողմից նման շահագրգռվածությունն առկա է, և եթե ադրբեջանական կողմը ևս այդպիսի պատրաստակամություն դրսևորի, դա թույլ կտա ուղի հարթել երկխոսության մեկնարկի համար:
Այս համատքեստում Արցախի ԱԳՆ–ն կրկին ընդգծել է, որ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համապատասխան մանդատով օժտված միջազգային համաձայնեցված ձևաչափով: Նման մոտեցումը թույլ կտա միջազգային հանրությանն առավել ակտիվ ներգրավել բանակցային գործընթացում, ամրապնդել դրա լեգիտիմությունն ու կայունությունը, ինչպես նաև ապահովել կողմերի միջև հնարավոր պայմանավորվածությունների իրականացման հուսալի երաշխիքներ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։