ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Նախորդ տարվա համեմատ ռելոկանտների թիվը Հայաստանում աճել է 200 տոկոսով։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
«Այս ցուցանիշը ոչ ռեզիդենտ գրանցված աշխատողներին է վերաբերում։ Նրանց աշխատավարձը մոտ 4 անգամ գերազանցում է ՀՀ միջին աշխատավարձը։ Դա խոսում է այն մասին, որ նրանք հիմնականում ՏՏ ոլորտում աշխատող բարձր որակավորումով մարդիկ են»,– նշեց Նուրբեկյանը։
Ըստ նրա` վերջին երկու ամսում ռելոկանտների հոսքն աճում է, ինչի արդյունքում ՀՀ ԿԲ–ն վերանայել է ՀՀ պոտենցիալի ցուցանիշները։
Սրան զուգահեռ, նրա խոսքով, կա ավելի մեծ ներհոսք, որոնցից շատերը գրանցված աշխատակիցներ չեն։
ԿԲ նախագահի տեղակալի դիտարկմամբ` երբ նայում ենք ընդհանուր հոսքերին, ապա վիճակագրական տեսանկյունից էական խնդիր ունենք. ՌԴ–ից կա ռելոկանտների աճ, որոնց մի մասը ոչ թե գրանցված աշխատակիցներ են,այլ ֆրիլանսերներ, բայց մյուս կողմից` ՌԴ–ից զբոսաշրջային հոսքերը դեպի մեր երկիր ավելացել են։ Արդյունքում շատ դժվար է դարձել տարանջատել այդ հոսքերը և իրական ժամանակում հստակեցնել ցուցանիշները։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մարտի սկզբից երկարատև բնակության նպատակով Երևան է տեղափոխվել շուրջ 30 հազար ՌԴ քաղաքացի։ Նրանք ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ են ստեղծել։