ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ Այսօր ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով` նման կասկածներ ուներ և՛ Գլխավոր շտաբը, և՛ ինքն անձամբ` հաշվի առնելով իր երկարատև փորձը նաև ՆԱՏՕ–ի հետ համագործակցության առումով։
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ–ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,– ասաց Տոնոյանը։
Հավալեց` այդ ժամանակահատվածից սկսած ինքը 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից պատերազմից առաջ հնչե՞լ են հավաստիացումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ հավանական չէ, Տոնոյանը նշեց` իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել։
«Որոշակի դիմում կար մեզ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ–ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,– նշեց Տոնոյանը։
Նրա խոսքով` ինքը երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ–ի և ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ։
«Օրական ունեցել եմ 3-4 հանդիպումներ, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ անդամ երկրների դեսպաններին, բոլորին տրվել են F16-երի օդային դիագրամները, խնդրանքս եղել է` չեզոքացրեք այդ երկրի ներգրավումն արցախյան թատերաբեմում»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Հավելեց` օդում կախված լուրեր կային, թե ԵԱՀԿ (Մինսկի խմբի-խմբ.) նախագահող երկրներից մեկը մեզ օգնության առաջարկություններ է արել, Տոնոյանը հրաժարվել է. նման բան չի եղել։
Հիշեցնենք՝ հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Նշենք, որ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։