Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար. Փաուեր

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը
Ամերիկացի պաշտոնյան համոզված է, որ Լաչինի միջանցքով առևտրային և մարդասիրական տարանցումը պետք է վերականգնվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում պարենային անվտանգության բացակայությունն ու դեղորայքի պակասը մեծ անհանգստություն են առաջացնում։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը։
Նա ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի` օրերս կատարած գրառումը, որով պետքարտուղարը խոր մտահոգություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի առնչությամբ։
Փաուերը շեշտել է, որ Լաչինի միջանցքը վճռորոշ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը կենսական անհրաժեշտ ապրանքներ մատակարարելու համար։
«Ես միանում եմ Էնթոնի Բլինկենի կոչին` միջանցքով առևտրային և մարդասիրական բեռների ազատ տարանցման համար»,– գրել է գործակալության ղեկավարը։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հուլիսի 31-ի ճեպազրույցում նշել էր, որ ԱՄՆ–ն շարունակում է հավատալ խաղաղության պայմանագրի հնարավորությանը։ Նա ընդգծել էր, որ դրա համար երկու կողմերն էլ` Երևանն ու Բաքուն, պետք է դժվարին փոխզիջումների գնան, և Բլինկենն անձամբ է ներգրավված բանակցությունների գործընթացում` քաջալերելու համար առաջնորդներին հասնելու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։