ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Յունիստրիմ» համակարգի հետ կապված անորոշությունը սկզբում շատ մեծ էր, սակայն այս պահի դրությամբ իրավիճակը որոշակի կայունացել է։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան մի քանի բանկեր դադարեցնում են «Յունիստրիմ» համակարգի սպասարկումը, քանի որ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել վճարային համակարգի դեմ։
«ՀՀ–ում կան ոչ փոքր քանակի բանկեր, որոնք աշխատում են «Յունիստրիմ» համակարգի հետ` ռուբլով և հայկական դրամով, ոչ արտարժույթով։ Այսինքն`այդ տեսանկյունից մեր քաղաքացիները շարունակում են ծառայություններ ստանալ, քանի որ «Յունիստրիմը» եղել է էական կշիռ ունեցող համակարգ, որով մեր քաղաքացիները ՌԴ–ից կարողացել են փոխանցումներ անել»,– նշեց Նուրբեկյանը։
ՌԴ–ինկատմամբ արևմտյան պատժամիջոցների ֆոնին բանկային համակարգում այլ սահմանափակումներ առաջիկայում հնարավո՞ր են, թե՞ ոչ. ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը կարծում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։
«Դրա համար մեր վճարահաշվարկային համակարգերը փորձում ենք այնպես նախագծել, որպեսզի մեր քաղաքացիները շարունակեն ծառայությունները ստանալ։ Մինչև այս պահը դա մեզ հաջողվել է, քանի որ մեր քաղաքացիները դեռ խաթարումների չեն հանգել»,– վստահեցրեց նա։
Նուրբեկյանն ընդգծեց` կարևոր է հասկանալ, որ ՀՀ ֆինանսական համակարգը շատ զգուշավոր է, երկարաժամկետ է նայում հարցերին, որպեսզի ԿԲ–ում համոզված լինեն, որ քաղաքացիները խնդիրներ չեն ունենա։