ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբը կրկին հետաքրքրված է Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ Իսպանական ակումբը հետևում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ելույթներին։ Այս մասին գրում է Metaratings.ru-ն։
«Ուելսի և Լատվիայի հետ խաղերից հետո ֆուտբոլիստի գինը բարձրացել է...Վերջերս «Ռեալ Սոսյեդադը» սկսել է կրկին հետաքրքրվել Տիկնիզյանով, ակումբը ուշադիր հետևում է խաղացողին»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ ավելի վաղ իսպանական ակումբը պատրաստ էր ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 2 միլիոն եվրո։
Հունիսին Տիկնիզյանի խաղին հետևել են նաև իտալական «Բոլոնիայի» և «Էմպոլիի» սկաուտները, որոնք պատրաստ չէին վճարել ավելի քան 2,5 միլիոն եվրո։
Հրատարակությունը նշում է նաև, որ ավելի վաղ «Լոկոմոտիվը» մերժել էր գերմանական «Վերդերի»` Տիկնիզյանին 2,5 միլիոն եվրոյով գնելու առաջարկը։ Գերմանական ակումբը դեռ պատրաստ չէ նոր առաջարկի։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Տիկնիզյանով հետաքրքրված են իսպանական «Ռեալ Սոսյեդադը», «Վալենսիան», ինչպես նաև գերմանական «Վոլֆսբուրգը»:
Մարտի սկզբին Տիկնիզյանը հրավիրվել էր Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին։ «Լոկոմոտիվի» պաշտպանը հայկական անձնագիր է ստացել։
Տիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին ԲԿՄԱ-ից։ Նա խաղացել է Ռուսաստանի երիտասարդական կազմում և մասնակցել յոթ հանդիպման։