ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը և վերջինս կրկին կկալանավորվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմեն Հարությունյանը։
«Մենք ինքնակամ ներկայացել ենք։ Հիմա թղթաբանության հարցեր կան, որպեսզի դատարանը, քրեակատարողական հիմնարկը ստանան, որ նրան ընդունեն։ Այս պահին էլ մեկուսարանի դիմաց ենք»,– նշեց Հարությունյանը։
Խոսելով անելիքների մասին` փաստաբանն ասաց, որ այս պահին շատ փակագծեր բացել չի ուզում, և ընդգծեց, որ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։
Հիշեցնենք` Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանն է անցնում։ 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
2022–ի մարտին Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Դավիթ Գալստյանին 50 մլն գրավի դիմաց։
Գալստյանը 2–րդ անգամ կալանավորվեց 2023–ի հունվարի 31–ին։ Շուրջ 5 ամիս անց` հունիսի 28–ին, Հակակոռուպցիոն դատարանը վճռեց 40 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գործարարին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: