ՀՀ զինուժը պատրաստ էր 2-3 անգամ գերազանցող ուժին դիմակայելու. Դավիթ Տոնոյան

Արխիվային լուսանկար
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, սակայն, նույն կարծիքին չէր ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության ապահովման առումով ՀՀ զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու–երեք անգամ գերազանցող ուժին դիմակայելու` հաշվի առնելով պատրաստվածությունն ու աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր զինուժը գտնվում էր։ ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն` անդրադառնալով հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ վիճակում էր ՀՀ բանակը։
«Այն, ինչ ասում եմ, դա ոչ թե սուբյեկտիվ գնահատականներ են, այլ հաշվարկված, հստակ գնահատված եզրակացություն է։ Պաշտպանական կեցվածք ունենալու առումով զինուժի կեցվածքը բավարար էր»,– ընդգծեց նա։
Նա նշեց, որ իր խոսքը չի վերաբերում զինտեխնիկայի հագեցվածությանը, քանի որ այդ առումով ամեն ինչ զրո է եղել` կործանիչ ռազմավիացիա չենք ունեցել։ «Մենք հենվում էինք ռուսական կործանիչների վրա»,– ավելացրեց նա։
Այս մասով որոշ տեղեկություններ Դավիթ Տոնոյանը նախընտրեց հրապարակել նիստի փակ հատվածում։
Հուլիսի 28–ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբ հայտարարություն էր տարածել, որ Տոնոյանը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի փակ նիստի համաձայնություն չի տվել և ցանկանում է հրապարակային նիստ անցկացնել, որին ցանկանում է, որ ներկա լինի նաև ԱԺ ընդդիմությունը։
Նշենք, որ հանձնաժողովում արդեն որոշ հարցերի պատասխանելու են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հունիսի 20–ին և 27–ին հանձնաժողովում հարցերի է պատասխանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։ Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշեց 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել Դավիթ Գալստյանին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: