Հայկական դրամի արժևորման ճնշումները շարունակվում են. ԿԲ նախագահի տեղակալ

Արմեն Նուրբեկյան
Արմեն Նուրբեկյանը կարծում է, որ ՀՀ դրամի որոշակի արժեզրկման երկու սցենար է հնարավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ դրամի արժևորման ճնշումները շարունակվում են։ Լրագրողների հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը` անդրադառնալով «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության հրապարակմանը
Ըստ միջազգային վարկանիշային գործակալության` ՀՀ դրամը չափավոր կարժեզրկվի` ընդհուպ մինչև ռուս–ուկրաինական հակամարտության սկզբի ցուցանիշ (2022 թ. փետրվարին ՀՀ դրամի փոխարժեքը 478 դրամ էր. խմբ.):
««Fitch Ratings»–ի գնահատականը դրական երևույթ է, քանի որ ընդգծվել է, որ մեր տնտեսական աճն ու կայուն մակրոտնտեսական միջավայրը հիմք են տվել, որ մեր վարկանիշը բարձրացնեն։ Արդյոք հնարավո՞ր են սցենարներ, որ լինի ՀՀ դրամի որոշակի արժեզրկում։ Այո՛, հնարավոր է, և այդ սցենարներն իրականում երկկողմանի են` կարող է լինել և ավելի արժևորում, և հակառակը` ավելի արժեզրկում»,– ասաց Նուրբեկյանը։
Դրա համար, ըստ նրա, ՀՀ ԿԲ–ն փոխարժեքի մասին խոսում է որպես հետևանքի, այլ ոչ թե պատճառի. եթե դրամական հոսքերը ՀՀ–ում ավելանան, ապա «Fitch Ratings»–ի սցենարը չի լինի, այսինքն` մեզ մոտ դրամի արժևորման ճնշումներ կլինեն։
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշեց, որ «Fitch Ratings»–ն իր սցենարի մեջ դրել է չափավոր դրամի արժեզրկման սցենարը, որը կապված է ՀՀ արտադրողականության աճի և պոտենցիալի հետ։
Հիշեցնենք, որ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի՝ արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating – IDR)՝ «B+»-ից դարձնելով «BB-»` կայուն հեռանկարով:
Հայաստանի ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը