Երևանում պատանիները հրաժարվել են վճարել և դանակով սպառնացել են օտարերկրացի առաքիչներին

Ավազակության մեղադրանքով ձերբակալված հինգ պատանիները նաև փորձել են հափշտակել առաքիչներից մեկի պայուսակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանում երկու պատանիներ ավազակություն են կատարել օտարերկրացի առաքիչների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, հուլիսի 24-ին մայրաքաղաքում վարձակալական հիմունքներով բնակվող օտարերկրացի 24-ամյա մի երիտասարդ մոպեդով առաքում է մոտեցրել Մինսկի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկ։ Այդտեղ երկու երիտասարդներ առաքումը ստանալուց հետո դանակով սպառնացել են և հրաժարվել վճարել առաքման գումարը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանները բացահայտել են, որ նշված արարքը կատարել են 16 և 14 տարեկան երկու պատանի: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք և հասակակից երեք այլ պատանիներ առաքման ծառայություններ կատարող օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ կատարել են նմանատիպ այլ հանցագործություններ:
Զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ թալանել են դեղատունը
Նրանք հուլիսի 26-ին Մինսկի փողոցի շենքերից մեկի մոտ փորձել են բացահայտ հափշտակել առաքման ծառայություններ իրականացնող օտարերկրացի մի երիտասարդի պայուսակ:
5 պատանիները ձերբակալել են ավազակության մեղադրանքով։
Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: