ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտում պատրաստված շաուրմայում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ ՍԱՏՄ–ն ստուգում է իրականացրել անհատ ձեռնարկատեր Տիգրան Բաբայանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Երևան, Խորենացի 35), որտեղ իրացվող սննդամթերքից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության:
«Փորձաքննությամբ արձանագրվել է, որ «Պատրաստի շաուրմա հացով» և «Պատրաստի շաուրմա լավաշով» արտադրատեսակների նմուշները ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli (աղիքային ցուպիկ) ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,–ասված է հաղորդագրությունում:
Նշված արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: