Ե՞րբ կբացվեն Սևանա լճի նոր հանրային լողափերը. մանրամասներ

Հանրային լողափ
Այժմ պատշաճ կերպով կահավորված են ընդամենը երեք հանրային լողափ Սևան քաղաքի և Սևանի թերակղզու մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի– Sputnik. Սևանա լճի ափին արդեն մեկ ամսից երկու նոր հանրային լողափ կբացվի։ Նախատեսվում է հանրային (ոչ մասնավոր ընկերությունների կառավարման ներքո) լողափերի ընդհանուր թիվը մինչև 2023 թվականի վերջը հասցնել վեցի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը։
Հուլիսի 13-ին կառավարությունը Սևանի ափամերձ տարածքներում 4 նոր հանրային լողափ բացելու որոշում կայացրեց (Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից)։ Ընդհանուր առմամբ Սևանի ափին տարածք է հատկացվել 8 հանրային լողափի համար՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը:
«Այժմ ունենք երեք հանրային լողափ, այս տարի ևս երկուսը կբացվեն։ «Ծովագյուղ» հանրային լողափը նախագծման փուլում է», - ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ ամենաբարդ աշխատանքներն արդեն ավարտվել են։ Պատշաճ կերպով կահավորվել են առաջին երեքը (Սևան քաղաքի և Սևանի թերակղզու մոտ), հերթը կհասնի նաև մյուսներին: Լողափերը կհամալրվեն սանհանգույցներով, ցնցուղներով, հանդերձարաններով, կապահովվի բուժանձնակազմի և փրկարարների հերթապահություն:
Մնացականյանը նշեց, որ լողափերը հետաքրքրություն են առաջացրել գործարարների շրջանում։ Արդեն կան կնքված պայմանագրեր՝ շինարարության հնարավորությամբ. նախատեսվում է իրականացնել 500 հազարից մինչև 5 մլն դոլարի ներդրում (խոսքը հյուրանոցների, ռեստորանների և ռեկրեացիոն գոտիների կառուցման մասին է)։
Ազգային պարկի տնօրենը նաև նշեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ աճել է հանգստացողների թիվը։
Առաջիկայում նախատեսվում է տարածքներ բարեկարգել Փամբակում (12 հա) ու Աղթամարում (16 հա):
Բացի այդ, ազգային պարկի ղեկավարությունը մտադիր է բարեկարգել ու զբոսաշրջային նոր երթուղի գործարկել դեպի «Արտանիշ» արգելոց: Հիմա աշխատանքներ են տարվում նախագծի իրականացման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Արտանիշ լեռը (բարձրությունը ծովի մակերևույթից 2461 մ) գտնվում է համանուն թերակղզու վրա, Արտանիշ գյուղից 4 կմ հարավ-արևմուտք: Լեռը ծածկված է մարգագետիններով և թփերով։ Լեռան գագաթից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Մեծ և Փոքր Սևանների միախառնման վայր։