Ենթադրվում է` մոլորվել է. ադրբեջանցիների ձերբակալած Ռաշիդ Բեգլարյանը Հին Շենում է եղել

61-ամյա արցախցի տղամարդը Շուշի քաղաքից էր, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ տեղահանվել է, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանը, որին այսօր ձերբակալել են ադրբեջանական սահմանապահները, ըստ նախնական տեղեկությունների` մոլորվել է և ընկել ադրբեջանական վերահսկողության տակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: Արցախի իշխանությունները տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին միջադեպի մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Բեգլարյանը 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն էլ հայտնում է, որ Ռաշիդ Բեգլարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է դուրս եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։ Արցախի ԱԱԾ–ն իրականացնում է համապատասխան ստուգումներ։
Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ ձերբակալել են Ռաշիդ Բեգլարյանին, որն Աղավնոյի մոտակայքում իբրև թե խախտել է Ադրբեջանի պետական սահմանը։