Արցախում հացի արտադրանքի ծավալը կկրճատվի. ո՞րն է պատճառը

Արխիվային լուսանկար
Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հորդորում են բնակիչներին հացի գնումները կատարել չափավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Առաջիկա երկու-երեք օրերին Արցախում որոշակիորեն կկրճատվի հացի արտադրանքի ծավալը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` վկայակոչելով Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։
«Տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է նաև, որ շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում:
Նրանք հորդորում են բնակիչներին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։