ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ–ն Բուլղարիայի և Հարավային Կորեայի հետ գործարք է կնքել Ուկրաինային 155 մմ արկերի մատակարարման մասին։ Տեղեկությունը հայտնում է Financial Times թերթը` հղում անելով պաշտոնյաներին։
«Ուկրաինային արկեր մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ն արդեն գործարքներ է կնքել Բուլղարիայի և Հարավային Կորեայի հետ և նույն հարցի շուրջ բանակցում է Ճապոնիայի հետ», – պաշտոնյաների խոսքերն է մեջբերում պարբերականը։
Հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց կիևյան ռեժիմին կասետային զինամթերքի մատակարարումները սկսելու որոշման մասին։ Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կասետային զինամթերքի մատակարարումները դիտարկում է որպես ժամանակավոր միջոց, մինչև ԱՄՆ–ն կընդլայնի հրետանային զինամթերքը բավարար քանակով, ինչը կարող է ամիսներ տևել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ նման մատակարարումները հարվածի տակ են դնում խաղաղ բնակիչներին և միտված են ճգնաժամը երկարաձգելուն։
Ավելի վաղ Ռուսաստանն Ուկրաինային սպառազինության մատակարարումների պատճառով նոտա հղեց ՆԱՏՕ–ի երկրներին։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար սպառազինություն է պարունակում, Ռուսաստանի համար օրինական թիրախ կհանդիսանան և հայտարարել էր, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն անմիջական մասնակցություն ունեն Ուկրաինայի հակամարտությանը, այդ թվում ոչ միայն զենքի մատակարարման, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում կադրերի պատրաստման առումով։