ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակին հարակից տարածքում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Զինծառայողի կողքին ընկած էր եղել նրան ամրակցված գնդացիրը:
Հուլիսի 29-ին հայտնի դարձավ, որ մեղադրանք է ներկայացվել նրա համածառայակցին` Ա.Հ.–ին, վերջինս կալանավորվել է։
Կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքին առնչվող մի շարք այլ կարևոր հանգամաքներ ևս։
«Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված դիրքի ավագ, դասակի հրամանատար Տ․Ս․-ն, տեղեկանալով զինծառայող Ա․Հ․-ի կողմից համածառայակից Մուրադ Սերյոժայի Գրիգորյանին՝ վերջինիս ամրակցված ԿԳ տեսակի գնդացրով նրան մահացու հրազենային վիրավորում հասցնելու և ապօրինաբար կյանքից զրկելու մասին, կատարել է հանցագործություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, դիրքի ավագը գնդացիրը դրել է Մ․Գրիգորյանի մարմնի կողքին։ Նրա հրահանգով Ա․Հ․-ն համածառայակիցներին, զորամասի սպաներին և իրավապահ մարմիններին հայտնել է, թե իբր Մուրադ Գրիգորյանն ինքնասպան է եղել՝ ինքն իրեն հրազենային վիրավորում հասցնելով։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա դիրքի ավագ Տ․Ս․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի (Հանցանք կատարած անձին աջակցելը) 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք:
Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։