ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սպասում է, առաջիկա օրերին իր դեմ պաշտոնական մեղադրանք կառաջադրվի Կապիտոլիումի վրա հարձակվելու գործով։ Նա այդ մասին գրել է TRUTH Social սոցիալական ցանցում:
«Ենթադրում եմ, որ առաջիկայում կհրապարակվի աննորմալ Ջեք Սմիթի (ԱՄՆ հատուկ դատախազ. խմբ.) ու նրա կանխակալ ավազակախմբի կողմից մեղադրական ակտը, որը կվերաբերի իմ հայրենասիրական ելույթին», - գրել է Թրամփը՝ նկատի ունենալով երկու տարվա վաղեմության իր հրապարակային ելույթը։
ԱՄՆ նախկին նախագահի կարծիքով՝ դա կարվի մեկ նպատակով, այն է` քողարկել պետության գործող ղեկավար Ջո Բայդենի ճամբարի կաշառքների ու շորթումների մասին վատ լուրերը։
Թրամփը կարծում է, որ դեմոկրատներն այդ քայլով կփորձեն միջամտել 2024 թվականի ընտրություններին։
Հիշեցնենք` 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները հարձակվեցին Կապիտոլիումի վրա՝ մի քանի ժամով արգելափակելով Կոնգրեսի աշխատանքը։ Անկարգությունների զոհ դարձան բողոքի 1 մասնակից և 1 ոստիկան, ևս 3 մարդ մահացավ բռնության հետ կապ չունեցող պատճառներից: Երբ ցուցարարներին վտարեցին շենքից, կոնգրեսականները հաստատեցին Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: