ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը չի պարզաբանում, թե Արցախի իշխանությունները երբ են պայմանավորվել Լաչինի միջանցքի երթուղին փոխելու մասին՝ առանց Երևանի հետ համաձայնեցնելու։
«Առաջարկում ենք Ձեր հարցումն ուղղել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին», - ասված է Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանում:
Վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պայմանավորվել են Լաչինի միջանցքի երթուղին փոխելու մասին՝ առանց Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու:
Երթուղու փոփոխության մասին խոսվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում, ըստ որի` կողմերի (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան) համաձայնեցմամբ` առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Դրանից հետո երթուղին փոխվել է երկու անգամ՝ 2022 թվականի օգոստոսի վերջին և 2023 թվականի մարտի վերջին։