Օկամպոն 7 օրից զեկույց կհրապարակի. նա պատասխանել է Արցախի նախագահին

Լուիս Մորենո Օկամպո
Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր Օկամպոյին` խնդրելով պատասխանել, արդյոք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն 7 օրից պատրաստվում է զեկույց հրապարակել։ Այդ մասին նշված է նրա թվիթերյան էջում։
Նշվում է, որ Օկամպոն, որը նաև Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս է, արձագանքել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի` իրեն ուղղված նամակին։ Այնտեղ Հարությունյանը խնդրում է փորձագիտական կարծիք հայտնել և պարզաբանել՝ արդյոք Արցախի շրջափակումը համարվում է ցեղասպանություն, թե ոչ։
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը»,– գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը:
Նա նաև նշել է, որ իր ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար պատրաստվում է գրել Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։
Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, Օկամպոն շեշտել է, որ նախատեսում է իր զեկույցը հրապարակել 7 օրից: Վերջինս նաև խնդրել է վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։