Լրագրողները սպառնալիքների թիրախ են. Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի կոչը կառավարությանը

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան միացել է ՀԺՄ հայտարարությանը՝ դատապարտելով ՀՀ վարչապետի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավն ընդդեմ լրագրողների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ)։
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Ղարաբաղում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը:
«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին: Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը»–նշված է հայտարարությունում:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են։
Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ:
«Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում։ Նրանք իսկապես վտանգի տակ են»,- ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին: