ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Լեհաստանը դիպուկահարներ է տեղակայել Բելառուսի հետ սահմանին: Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը:
Հրամանատարությունը լեհ-բելառուսական սահմանին պատնեշի ֆոնին դիպուկահար զենքով կանգնած զինվորների մի քանի լուսանկար է հրապարակել։
«Բելառուսի հետ սահմանին շարունակում է վտանգավոր մնալ։ Լեհ պարեկները հարձակման են ենթարկվում ագրեսիվ օտարերկրացիների կողմից: Ամեն օր սպաներն ու զինվորները ագրեսիայի են ենթարկվում»,-Twitter-ում գրել է Լեհաստանի Հանրապետության տեղեկատվական տարածքի անվտանգության հարցերով կառավարության լիազոր Ստանիսլավ Ժարինը։
Ավելի վաղ իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Լեհաստանը Բելառուսի հետ սահմանն ամրացնում է «Վագներ» խմբի մարտիկների այնտեղ գտնվելու պատճառով: Նրա խոսքով` սահմանի ուժեղացումը «շատ լուրջ» կլինի։ Լեհ սահմանապահները նաև պնդում են, որ ավելացել է Բելառուսի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձերի թիվը:
2021 թվականի կեսերին լեհ-բելառուսական սահմանին մի քանի հազար միգրանտներ էին կուտակվել՝ հույս ունենալով մուտք գործել ԵՄ երկրներ։ Լեհաստանի իշխանություններն ուժեղացրել էին սահմանների պաշտպանությունը, զինվորականներ էին բերել և կասեցնում անօրինական ներգաղթյալների երկրի տարածք ներթափանցելու փորձերը՝ Մինսկին մեղադրելով միգրացիոն ճգնաժամի մեջ: Բելառուսը հերքում է այս բոլոր մեղադրանքները հայտարարելով, որ Լեհաստանը միգրանտներին բռնի ուժով վտարում է իր տարածք և արհեստականորեն սրում է փախստականների հետ կապված իրավիճակը:
Լեհաստանն արդեն պատնեշ է կառուցել Բելառուսի հետ սահմանին։ Ցանկապատի երկարությունը 186 կմ է, բարձրությունը՝ 5 մետր, արժեքը 1,6 մլրդ զլոտի (մոտ 400 մլն դոլար): Ներկայումս ավարտում են կառույցը գիշերային տեսողության տեսախցիկներով, շարժման սենսորներով և այլ էլեկտրոնիկայով հագեցնելու փուլը։