Արդեն որոշ ժամանակ «Ֆեյսբուքում» պտտվում է հայ-ադրբեջանական մերձեցմանը նպաստելու նպատակով ստեղծված էջի գովազդը, որը կոչ է անում՝ միացեք մեր խմբին, եթե հավատացած եք, որ՝ խաղաղությունը պատերազմից լավ է, բարեկամությունը ատելությունից լավ է, արարելը քանդելուց լավ է, բարի հարևանները թշնամիներից լավ են, փողն ավելի լավ է ծախսել կրթության, գիտության, բժշկագիտության զարգացման, քան զենքի վրա, ավելի լավ է ամրապնդել ազգամիջյան կապերը, քան առճակատվել։ Համաձայնեք` միայն երազել կարելի է խաղաղության այնպիսի համաձայնագրի մասին, որը ոչ միայն կամրագրի, այլև կյանքի կկոչի այս հրաշալի գաղափարները։ Այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում՝ բա ինչու երեսուն տարի շարունակ մենք այդպես էլ չունեցանք այդ երանելի պայմանագիրը։
Պատասխանը շատ պարզ է՝ որովհետև թե՛ 30 տարի առաջ` մեր հաղթանակից հետո, թե՛ հիմա, մեր պարտությունից հետո մենք երբեք որևէ իրական երաշխիք չենք ունեցել, որ կկնքենք հենց այդպիսի համաձայնագիր, առավել ևս, որ հակառակ կողմն այն չի խախտի ցանկացած պահի։ Ի դեպ, համոզված եմ, որ դա գիտակցում էր թե՛ մեր առաջին նախագահը, թե՛ Հայաստանի ներկա իշխանությունները։
Միակ տարբերությունն այն է, որ շատ կոնկրետ մարդիկ համառորեն փորձում են համոզել բոլորիս, թե այն ժամանակ` Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո կարելի էր ձեռք բերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք կապահովեին խաղաղությունը տասնամյակներ շարունակ և կկաշկանդեին Ադրբեջանին նաև հիմա, երբ այդ երկիրը նավթի ու գազի արտահանումից ստացված հսկայական եկամուտների և Թուրքիայի աննախադեպ օգնության շնորհիվ հզորացրել է իր բանակը։ Նման հայտարարությունների դեմ գործնականորեն անհնար է առարկել, որովհետև պատմությունն, ինչպես հայտնի է, «եթե»-ներ չի ընդունում։
Շատ ավելի բարդ է հավատալ, որ հիմա մենք կարող ենք ունենալ մի հրաշք պայմանագիր, քանզի այժմ արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր աչքի առջև։ 19 բեռնատար շարունակում է կանգնած մնալ Հայաստանի սահմանին։ Չգիտեմ, թե ինչ տպավորություններով են Կոռնիձորից Երևան վերադարձել Հայաստանում հավատարմագրված դիվանագետները և ինչ հետևանքներ է ունենալու նրանց այցը, ուղղակի մի այսպիսի հատկանշական մանրամասն։ Երևի գիտեք, թե ինչ պատրաստակամությամբ են Ադրբեջանում հավատարմագրված մի քանի տասնյակ դեսպանները մեկնում Շուշի և լսում այնտեղ իրականության ալիևյան տարբերակը։ Այնինչ, Երևանից Կոռնիձոր էին գնացել հիմնականում ոչ թե արտակարգ ու լիազոր դեսպանները, այլ պարզապես դեսպանատների ներկայացուցիչները։ Այո, շատ ճիշտ եք՝ չսևեռվենք, դե չի հետաքրքրել դեսպանների մեծ մասին Արցախի շրջափակումը։
Շատ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում վերջին աննախադեպ իրադարձությունը, երբ Կարմիր խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան տեղափոխվող հիվանդին ադրբեջանցիները դուրս բերեցին մեքենայից ու տարան Բաքու։ Ճիշտ է, անմիջապես էլ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Սակայն հրաշալի գիտենք, որ Ադրբեջանի նախագահը վաղուց արդեն որդեգրել է բոլոր միջազգային կառույցներին ցուցադրաբար արհամարհելու ցինիկ քաղաքականությունը՝ լավ եմ անում, տեսնեմ էդ ինչպես եք ազդելու ինձ վրա։ Այսինքն, եթե մեզ մոտ 90-ականների հաղթանակից հետո երկրի ղեկավարը սկսեց խոսել փոխզիջումների և հակամարտությունը փոխըմբռնման սկզբունքներով կարգավորելու մասին, Ադրբեջանում 2020 թվականի հաղթանակից հետո միջազգային հանրության առջև հառնեց անզիջում մի առաջնորդ, որը թքած ունի այդ հանրության կարծիքի և հորդորների վրա։
Հարևան պետության ղեկավարի այս կեցվածքը բավական վտանգավոր իրադրություն է ստեղծել Հայաստանում։ Հասարակությունը երկփեղկվել է։ Քաղաքացիների մի զգալի մասը պատրաստ չէ այլևս կրել ամենօրյա նվաստացումների բեռը, բայց և խուսափում է ուղիղ պատասխան տալ մյուս ճամբարից հնչող մեղադրական բացականչություններին. «Նոր պատերազմ եք ուզո՞ւմ, էդ ում երեխաներին եք մահվան ուղարկո՞ւմ»։
Սրտաճմլիկ բացականչությունների հեղինակները, համենայնդեպս նրանց մի զգալի մասը, իհարկե, լավ էլ գիտակցում է, որ անընդհատ զիջումներ անելով, բոլոր նվաստացումներին դիմանալով և միջազգային կառույցներին անպատասխան նամակներ գրելով անհնար է հասնել այն արդար խաղաղությանը, որն ընդունելի կլինի բոլորի համար։ Բայց այդ մարդիկ առնվազն մի, այսպես ասենք, լեգիտիմ հիմնավորում ունեն իրենց դիրքորոշումն արդարացնելու համար։ Այդ լեգիտիմ հիմնավորումը հայտնի է՝ ես պարզապես պաշտպանում եմ իշխանության դիրքորոշումը, որը իմ դիրքորոշումից բացարձակ չի տարբերվում։ Իսկ, կներեք, ինչ վատ բան կա օրինական կերպով ընտրված իշխանություններին սատարելու մեջ։
Այստեղից հետևություն։ Այո, միգուցե ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե ժողովուրդը անտարբեր է դարձել, պատրաստ չէ հավատարիմ մնալ այն գաղափարներին, որոնք ավելի քան երեք տասնամյակ առաջ հազարավոր մարդկանց բերեցին Ազատության հրապարակ, չարացած են բոլոր իշխանությունների դեմ, բայց նաև ակնհայտ է՝ կփոխվի իշխանությունների պասիվ ու զիջողական դիրքորոշումը, անմիջապես կփոխվեն նաև հայաստանյան հասարակության տրամադրությունները։