ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԿԽՄԿ–ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն կարող բավարարվել նրանց պահանջները։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են։ Հուսով ենք` կարողացել ենք մեր պատկերացումներով սպառիչ կերպով ներկայացնել մեր կազմակերպության գործելաոճը, թե ինչպես ենք աշխատում այս իրավիճակում։ Մենք բացատրեցինք, թե ինչու ԿԽՄԿ–ն չի կարող բավարարել այդ պահանջները` ելնելով իր գործելաոճից։ Փորձել ենք բացատրել, որ մեր աշխատանքը տևական է, ընթացիկ է, ու համաձայն մեր հանձնագրի` մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի ընթացքը, որն այս պահի դրությամբ կասեցված է Լաչինի միջանցքում»,– ընդգծեց Ամատունին։
Նա նշեց, որ իպաշտպանություն Վագիֆ Խաչատրյանի տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպել են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ և ներկայացրել իրենց պահանջները` միջազգային լրատվամիջոցների հետ անցկացնել մամուլի ասուլիս և անհապաղ վերադրաձնել Վագիֆ Խաչատրյանին։
Ամատունին տեղեկացրեց, որ փորձում են լուծումներ ու մոտեցումներ գտնել այն իշխանությունների հետ, որոնք անմիջականորեն պատասխանատու են այս իրավիճակում։ Ըստ նրա` կողմերի միջև երկխոսությունը շարունակվում է, որպեսզի հնարավոր լինի շարունակել մարդասիրական առաքելությունն Արցախում։
«Նշեմ, որ բացի մեզնից, այս պահին ԼՂ–ում որևէ այլ միջազգային կառույց չի աշխատում։ Բուժառուների տեղափոխման հարցը մեր որոշման խնդիրը չէ, դա որոշում են պատկան մարմինները, որոնք գիտեն` քանի մարդ է իրենց մոտ բուժվում, քանիսն ունեն դրա կարիքը։ Կան բուժառուներ, որ հիմա էլ սպասում են իրենց հերթին։ Մենք ընթացակարգերի ճշտման խնդիր ու կարիք ունենք, որպեսզի մեր առաքելությունը կարողանանք շարունակել ապահով պայմաններում»,– ասաց Ամատունին։
Նա հիշեցրեց, որ ԿԽՄԿ–ն չի կարող ու որևէ դեպքում չի աշխատի, եթե չեն ստացել համաձայնություն բոլոր նրանցից, ովքեր այս իրավիճակում որոշում կայացնողների մեջ են։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԿԽՄԿ–ն կարող է դիմել աշխարհի ցանկացած ուժային կառույցի` հակամարտության գոտում իր անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, Զառա Ամատունին վստահեցրեց, որ իրենք իրենց հանձնագրով ուղղակի իրավունք չունեն դիմելու որևէ զինված խմբավորման կամ կառույցի։
«Մեր նկատմամբ սպառնալիքի դեպքում մենք ուղղակի չենք աշխատում։ Մենք աշխատում ենք միայն դեպքում, երբ գտնում ենք համաձայնություն, հնարավորություն բոլոր կողմերի հետ»,– ասաց նա։
Նա չմեկնաբանեց ադրբեջանական անցակետում ԿԽՄԿ աշխատակցի նկատմամբ տեղի ունեցածը` նշելով, որ բովանդակային մասով այն, ինչ է տեղի ունեցել իրենց աշխատակցի հետ, կոնֆիդենցիալ կերպով անմիջապես քննարկվում է հնարավոր խախտողի հետ, որը պատասխանատու է այս կամ այն իրավիճակի համար։
Զառա Ամատունին անդրադարձավ նաև Բաքվի հիվանդանոցում Վագիֆ Խաչատարյանի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչների հանդիպմանը` նշելով, որ այդ տեսակցության ժամանակ տրվել է հնարավորություն` կապ հաստատելու ընտանիքի հետ։ Ամատունին վստահեցրեց, որ տեսակցության մասին առաջին հերթին տեղեկացնում են ընտանիքի անդամներին, այնուհետեև շատ քիչ տեղեկություններ հայտնում հանրությանը` թե ինչ են նկատել տեսակցությունների ժամանակ կամ ինչի կարիքը կա շտկելու։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։