Իրանի արտգործնախարարը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան. Արխիվային լուսանկար
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրի կայունությանն ու անվտանգությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից, հայտարարել է նա Թեհրանում սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միկդադի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Առաջարկվում է, որ Թուրքիայի զինված ուժերը լքեն Սիրիայի տարածքը և վերադառնան իրենց սահմանամերձ շրջաններ՝ ըստ ժամանակացույցի», - Fars-ի հաղորդմամբ՝ ասել է իրանցի նախարարը։
Նրա խոսքով՝ «տրամաբանությունն այն է, որ Սիրիայից թուրքական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ ապահովվի ընդհանուր սահմանների անվտանգությունը, Իրանն ու Ռուսաստանը շարունակում են իրենց ջանքերը՝ որպես միջնորդներ և երաշխավորներ»։
«Մենք կարծում ենք, որ Սիրիայում օտարերկրյա պետությունների ուժերի ներկայությունը չի նպաստի այդ երկրի կայունությանն ու անվտանգությանը։ Մենք լավ հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունը Սիրիայի հետ սահմանների անվտանգության վերաբերյալ, սակայն կարծում ենք, որ ռազմական ներկայությունը Սիրիայում լուծում չէ», - ասել է Իրանի արտգործախարարը։
Աբդոլլահիանը նշել է, որ Թեհրանը քառակողմ ձևաչափով (Ռուսաստան, Սիրիա, Թուրքիա ու Իրան) հանդիպումները համարում է ամենահարմար դիվանագիտական ճանապարհը՝ թուրք-սիրիական ընդհանուր սահմանին անվտանգության հաստատման և համաձայնեցման համար:
Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել տեղակալներին հանձնարարել պատրաստել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով հունիսի 20-21-ը կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ճանապարհային քարտեզի նախագիծը: Փաստաթուղթը հետագա ձևակերպում է պահանջում: