Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas զորավարժությունները

Զորավարժություններին երկու կողմից ներգրավված զինծառայողների թիվը, ինչպես նաև սպառազինության կազմը և առաջադրված խնդիրները չեն հրապարակվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հնդկաստանն ու ԱՄՆ-ն սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ը Ալյասկայում կանցկացնեն Yudh Abhyas տասնիններորդ զորավարժությունները՝ կենտրոնանալով ավելի սերտ ռազմական համագործակցության վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News18 հեռուստաալիքին։
Զորավարժություններին երկու կողմից ներգրավված զինծառայողների թիվը, ինչպես նաև սպառազինության կազմը և առաջադրված խնդիրները չեն հրապարակվում: Սակայն հայտնի է, որ հնդկական բանակի կողմից Ալյասկա կուղարկվեն թեթև հետևակի Մարաթհի գնդի զինծառայողները։
Զորավարժությունների ժամանակացույցը, ՄԱԿ-ի մանդատի համաձայն, կներառի խաղաղության պահպանման և խաղաղության պարտադրման հետ կապված բոլոր գործողությունները, զորավարժությունները կներառեն նաև մարդասիրական օգնության և տարերային աղետների դեպքում օգնության գործողություններ: Երկու երկրների զորքերը կսովորեն օգնության արագ և համակարգված գործողությունների իրականացնել ցանկացած բնական աղետի դեպքում:
2022 թվականին Հնդկաստանն ու ԱՄՆ-ն Yudh Abhyas զորավարժություններ են անցկացրել Աուլի բնակավայրի շրջանում, որը գտնվում է Հյուսիսային Ութարախանդ նահանգում՝ Չինաստանի հետ սահմանից հարյուր կիլոմետր հեռու։ Դրանց մասնակցել են Հնդկաստանի բանակի Ասսամի գնդի զինծառայողները և ԱՄՆ բանակի 11-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորները։ Անցյալ տարվա զորավարժություններին ներգրավված են եղել նաև Հնդկաստանի բանակի սպառազինության մաս կազմող Մի-17Վ5 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և այլ ժամանակակից սպառազինություններ:
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Yudh Abhyas-ի առաջին զորավարժություններն անցկացվել են 2002 թվականին։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների բանակներն ամեն տարի անցկացնում են դրանք՝ ԱՄՆ-ի և Հնդկաստանի զինված ուժերի միջև լավագույն փորձի, մարտավարության, մեթոդների և ընթացակարգերի փոխանակման նպատակով:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման ընդհանուր ծրագրի շնորհիվ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցությունը թափ է հավաքել այնպիսի զորավարժությունների շնորհիվ, ինչպիսիք են Yudh Abhyas-ը և Cope India-ն: