ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նշվում է, որ հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի։
«Զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները»,– գրել է Մուսինյանը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան։
Հավելենք, որ հունիսին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր—Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել էր Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։