Համահայկական խաղերի համար Հայաստան կժամանի ավելի քան 7000 մասնակից

ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. 2023 թվականի 8-րդ ամառային համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ավելի քան 7000 մասնակիցներ աշխարհի 41 երկրների՝ 179 քաղաքներից։ Այս մասին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Սպորտային միջոցառման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են ավելի քան 2000 կամավորներ՝ հիմնականում հայաստանյան բուհերի ուսանողներից:
«ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նախագահին է ներկայացրել Համահայկական ամառային 8-րդ խաղերին ընդառաջ կատարված նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ մանրամասներ: Քննարկվել են համահայկական սպորտային միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու վերաբերյալ հարցեր»,–նշվում է հաղորդագրությունում:
Զրույցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործունեությանը:
Հիշեցնենք, որ համահայկական 7-րդ խաղերը 2019թ-ին առաջին անգամ անցկացվեցին նաև Արցախում։
Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը